Մեկնարկային աշխատաժողով, դեկտեմբեր 5-7, 2018

Նկարագրություն

 

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողովի առաջնահերթություններն են՝

  • գնահատել ՀՀ-ում պինդ թափոնների վերաբերյալ ներկայիս իրավիճակը
  • ներկայացնել կոշտ թափոնների քաղաքականության մշակման հիմնական ուղղությունները
  • բացահայտել այս ուղղություններում առաջընթաց ունենալու հիմնական մարտահրավերները/խոչընդոտները
  • ձևավորել նախագծի ճանապարհային քարտեզի հիմքը

Ներբեռնել աշխատաժողովի օրակարգը

Բացման խոսք

 

Րենդալ Րոդս (Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր)

Արսեն Գասպարյան (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական)

Մարտին Ֆրեդրիկսոն (Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչ)

Թերեզա Ռոզենբլադ (Life հիմնադրամ, Շվեդիա)

 

Ելույթներ

 

Աշխատաժողովի ներածություն


Եվա Միրին Խորհրդատու և համահիմնադիր` Miljö & Avfallsbyrån (Milav) ընկերությունում

Սանդրա Լինդբլոմ Բնապահպանական գծով խորհրդատու Milav ընկերությունում

Թափոնների կառավարումը գլոբալ և տեղական մարտահրավերների և հնարավորությունների համատեքստում, ակնկալիքները այս հանդիպումից

Եվա Միրինը խոսեց իրենց ընկերության մասին, կատարած աշխատանքի, Շվեդիայում քաղաքապետարանների հետ իրենց համագործակցության մասին, ինչպես նաև իրենց աշխատանքային ոլորտների մասին, այդ թվում բնապահպանական ազդեցության գնահատման, գնումների ասպարեզում, և այլն:

Ներբեռնել ելույթը

 

Որտե՞ղ է այսօր Հայաստանը


Ալեն Ամիրխանյան ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն

Կոշտ թափոնների քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները

Ալեն Ամիրխանյանը խոսեց գծային տնտեսության մոդելից շրջանաձև տնտեսության մոդելի անցման մասին, թափոնների կառավարման մոդելների մասին (բացառությամբ հանքերի և ռադիոակտիվ թափոններից), Հայաստանի իրավիճակի և ծրագրվող աղբավայրի մասին, որը նույնպես դեռևս գծային տնտեսության արտացոլանք է, որը ենթակա է փոփոխության՝ շրջանաձև տնտեսության մոդելի կիրառման պարագայում:

Ներբեռնել ելույթը

 

Հայաստանում թափոնների կառավարման պատասխանատուների քարտեզը

Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց թափոնների կայուն կառավարմանն ուղղված քայլեր, և այն ոլորտները, որոնց վրա այս ծրագրի իրականացնողները՝ ՀԱՀ Հակոբյան կենտրոնը, Life ակադեմիան, Milav-ի փորձագետները, կկենտրոնան՝ քաղաքականության և իրավական շրջանակները: Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց նաև այն ծրագրերը, որոնք կառավարությունն իրականացնում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցներով: Նա նաև խոսեց Հայաստանում այլ մասնակիցների մասին, ովքեր աղբի կառավարման ոլորտում գործունեություն են ծավալում:

Ներբեռնել ելույթը


Նարինե Ավետյան Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ

Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում հիմնական գործունեությունները

Նարինե Ավետյանը խոսեց Հայաստանում թափոնների կառավարման իրավիճակի, աղբահավաքման կիրառվող մոդելի, Երևանում և դրանից դուրս գործող օպերատորների և պատասխանատու մարմինների մասին: Նա նաև ներկայացրեց պետական մարմինների իրականացրած քայլերը՝ ուղղված իրավական և այլ մակարդակներում իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև աղբի հավաքման աշխարհագրության ընդլայնման մասին, միևնույն ժամանակ ապօրինի աղբավայրերի վերացմանն ուղղված քայլերի, աղբի հավաքման նվազագույն վճարի և այլնի մասին:

Ներբեռնել ելույթը


Արթուր Գրիգորյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Տեսչության առնչությունը թափոնների հետ

Արթուր Գրիգորյանը ներկայացրեց տեսչության աշխատանքը մասնավորապես արդյունաբերական թափոնների ասպարեզում. մասնավորապես թե ինչպես է տեսչությունը ստուգում թափոնների քանակը, թույլարտելի սահմաններում լինելը, բնապահպանական հարկի վճարումը, ինչպես նաև այն իրավական խոչընդոտները, որոնց տեսչությունը բախվում է և այլն: Նա նաև հույս հայտնեց, որ թեև հանքերի թափոնների հարցը այս ծրագրի շրջանակներից դուրս է, այնուամենայնիվ, հաշվի առնեով տկն. Միրինի ընկերության փորձը գետերի մաքրման աշխատանքներում, հետագայում կլինի հնարավորություն այս ասպարեզում համագործակցելու՝ հաշվի առնելով Հայաստանում գետերի աղտոտվածության աստիճանը:


Արտակ Խաչատրյան Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի և ինֆորմացիոն կենտրոն ՊՈԱԿ-ի Թափոնների հաշվառման, դասակարգման և տեխնոլոգիաների ուսումնասիրման բաժնի պետ

Թունավոր և գյուղատնտեսական թափոնների իրավիճակը

Արտակ Խաչատրյանը ներկայացրեց թափոնի սահմանումները, Հայաստանում թափոնների ոլորտը կարգավորող օրենքները, միջազգային համաձայնագրերը, որոնց Հայաստանը միացել է (Բազելի, Ստոկհոլմի, Ռոտերդամի, Մինամատայի): Նա նաև մանրամասն ներկայացրեց կայուն օրգանական աղտոտիչների, միջավայրը դրանցով աղտոտելու ուղիների և առողջությանը հասցրած վնասների մասին:  Արտակ Խաչատրյանը նաև խոսեց Նուբարաշենում թաղված մոտ 1500 տոննա թունաքիմիկատների և դրա կապակցությամբ պետական քաղաքականության մասին: Նա նաև խոսեց Արարատում ստեղծված թափոնների տեսակավորման փոքր գործարանի հիմնադրման մասին: Քանի որ իր ղեկավարած կենտրոնի գործառույթներից է նաև կենցաղային թափոնների մորֆոլոգիան ուսումնասիրելը, ուստի նա պատրաստակամություն հայտնեց՝ ներգրավելու Հայաստանում թափոնների քանակն ու որակն ուսումնասիրող աշխատանքային խմբերում:

Ներբեռնել ելույթը


Իրինա Ղափլանյան Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Նախարարության գործունեությունը թափոնների ոլորտում

Իրինա Ղափլանյանը ներկայացրեց պլաստիկի դեմ ուղղված միջազգային քայլերը, որոնց Հայաստանը ևս ձգտում է միանալ: Սկզբի համար նախարարությունը օրենսդրական  նախաձեռնությամբ է հանդես գալու, իսկ մինչ այդ ուսումնասիրելու են Հայաստանում օգտագործվող պլաստիկի քանակն ու տեսակը՝ համապատասխան օրնեսդրական կարգավորումները մշակելու համար: Ակնկալում են, որ ուսումնասիրության արդյունքում կբացահայտեն նաև պլաստիկին այլընտրանքները: Սրա հիման վրա էլ պլաստիկի վերաբերյալ օրենսդրություն կմշակվի: Իրինա Ղափլանյանը նաև նշեց նախարարության ընտրած քաղաքի՝ Թալինի մասին, ուր կիրականացվի պլաստիկի օգտագործման դեմ պիլոտային ծրագիրը: Նա նաև նշեց նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությունը պլաստիկի դեմ համատեղ սոցիալական գովազդների իրականացման աշխատանքների մասին:


Գայանե Ղարագեբակյան ՄԱԶԾ/Գլոբալ բնապահպանական հիմնադրամծրագրի համակարգող

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից հնացած թունաքիմիկատների և կայուն օրգանական աղտոտիչների վերացումը

Գայանե Ղարագեբակյանը ներկայացրեց Նուբարաշենի թունաքիմիկատների վերացման երեք փուլերը՝ թունաքիմիկատների դուրս բերումը, փաթեթավորումը, ժամանակավոր պահպանումը և դրանց արտահանումն այլ երկիր, ուր այն կոչնչացվի (Հայաստանում նման գործարաններ չկան): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նման թափոնների անվտանգ կառավարումը Հայաստանում, համապատասխան օրենքների մշակումը և այլն:

Ներբեռնել ելույթը


Քնարիկ Գրիգորյան Հանրային առողջության փորձագետ Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի հասարակական կազմակերպությունում

Կազմակերպության գործունեությունը թունավոր թափոնների ասպարեզում

Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպության իրականացրած հետազոտական և մոնիտորինգային գործունեությունը մասնավորապես թունաքիմիկատների ասպարեզում: Նա նաև խոսեց կազմակերպության իրականացրած՝ հնացած և արգելված թունաքիմիկատների մասին իրազեկման ծրագրերի շուրջ: Քնարիկ Գրիգորյանը նաև նշեց, որ կազմակերպությունը լաբորատոր ուսումնասիրություններ է իրականացրել իրենց արտասահմանյան գործընկերների հետ՝ մարդու առողջության վրա կայուն օրգանական աղտոտիչների ազդեցությունը պարզելու համար:

Ներբեռնել ելույթը


Արմինե Թուխիկյան Ծրագրի ղեկավար Ուրբան հիմնադրամում

Կամզակերպության ծրագրերը պլաստիկի վերամշակման ասպարեզում

Արմինե Թուխիկյանը խոսեց Հայաստանի տարբեր տեղական ինքնավար մարմինների հետ կազմակերպության համագործակցության մասին, որով կազմակեպրությունը ձգտում է խնդիրները տեղացիների մասնակցությամբ լուծել: Այսպես, նրանք առաջին անգամ դեռևս 2008թ-ին պլաստիկ շշերի տեսակավորման ծրագիր են իրականացրել Ալավերդի քաղաքում: Իսկ հետագայում այս ծրագիրը տարածվեց այլ՝ մոտ 20-30 համայնքներում: Բացի տեսակավորումից, ծրագրի շրջանակներում իրականացրել են նաև իրազեկման քայլեր, ինչպես նաև ենթակառուցվածքների տրամադրում: Արմինե Թուխիկյանը խոսեց նաև իրենց ներկայիս ծրագրերից մեկի մասին, որով իրենց կազմակերպությունը ծրագրում է շինարարական նյութեր ստանալ պլաստիկ թափոններից: Նա նաև ընդգծեց աղբյուրի մոտ պլաստիկ թափոնների տեսակավորման կարևորությունը, ինչը նաև կրթական նշանակություն ունի:

Ներբեռնել ելույթը


Մայքլ Ալոյան Թափոնների ամերիկյան արդյունաբերողներ (միացել է Աթենք ծառայություններ ընկերության հետ)

Բիոմասսայի կրճատում և բիոզանգվածի վերականգնման գործընթացներ

Մայքլ Ալոյանը ներկայացրեց իր ընկերության ծրագիրը, որով նրանք մաքրել են Հայաստանի աղբավայրերից մեկը մեկ ամսվա մեջ: Այդ նպատակով նրանք կիրառել են էնզիմային ֆերմենտի տեխնոլոգիան, որն, ինչպես նշեց Ալոյանը, վերացնում է վտանգավոր բակետրիաները և օրգանական նյութը, իսկ հեղուկը, ըստ նրա, կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ՝ որպես պարարտանյութ: Նա առաջարկել է կառավարությանն օգտագործել այս տեխնոլոգիան այլուր:


Լուսինե Նալբանդյան ORWACO ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Բնապահպանական փակ շղթա՝ օրգանական թափոնից օրգանական պարարտանյութ

Լուսինե Նալբանդյանը ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը, որով երկրորդ կյանք է տրվում օրգանական թափոններին դեռևս 2011թ-ից ի վեր: Նա ներկայացրեց բիոհումուսի արտադրման ցիկլը, որով այլ վայրերում օրինակ աճեցնում են խաղող: Բիոհումուս արտադրելու համար օգտագործում են գոմաղբ, թռչնաղբ, ինչպես նաև գինեգործության համար օգտագործված խաղողի կեղևը և կորիզը, սուրճի մնացորդները: Լուսինե Նալբանդյանը նաև որոշ խոչընդոտներից խոսեց, ինչպես օրինակ, ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը դժվարեցնում է օրգանական թափոններին հասանելիությունը:

Ներբեռնել ելույթը


Դավիթ Քարամյան Ամ-էսկա ընկերության փոխտնօրեն

Անիվների վերամշակումը վառելիք, ածխածնային բրիկետներ և մետղական ջարդոն ստանալու համար

Դավիթ Քարամյանը ներկայացրեց 2014թ-ին հիմնադրված իրենց ընկերությունը, որը վերամշակում է հին անվադողեր, յուղեր, ֆիլտրներ և այլն: Նա նշեց, որ այս պահի դրությամբ վերամշակել են 4.5 միլիոն կգ անվադող և 500 տոննա այլ թափոններ: Ընկերությունն օգտագործում է պիրոլիզային մեթոդը և արդյունքում ստանում են պիրոլիզային վառելիք, որի մեկ լիտրը 1.88 խմ բնական գազի է հավասար, ինչն էլ օգտագործվում է արդյունաբերական վառարաններում: Ընկերությունն իր հումքը ստանում է Հայաստանում գործող հանքերից, ինչպես նաև Կոկա-Կոլա, Զեփելին Արմենիա և այլ ընկերություններից: Դավիթ Քարամյանի առաջարկներից էր ստեղծել թափոնների դատաբազա, որով վերամշակողները կկարողանային տեղեկանալ իրենց հումքի աղբյուրների մասին:

Ներբեռնել ելույթը


Հովհաննես Ղազարյան «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն

Առանց պլաստիկի Հայաստան

Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի ծրագիրը, որն ուղղված է փոխելու հանրային վերաբերմունքը պոլիէթիլենային տոպրակների հանդեպ: Աշխատանքները դեռ ընթանում են, և հիմնադրամը բանակցում է օրինակ հանրախանութների շղթաների հետ, որպեսզի սպառողների խրախուսման մեթոդներ կիրառվեն: Ինչպես Ղազարյանը նշեց, նրանք ցանկանում են տարածել բազմակի օգտագործման տոպրակներ բարկոդերով, որոնց օգնությամբ մի կողմից դրանցից օգտվողները հնարավորություն կունենան կուտակել բոնուսներ, մյուս կողմից հնարավոր կլինի ուսումնասիրել սպառողների վարվելակերպը: Այս կերպ հիմնադրամը հույս ունի մաս դառնալ պլաստիկի օգտագործման ոլորտում սպառողների վարքագծի փոփոխմանը:

Ներբեռնել ելույթը


Սոֆյա Մանուկյան Հետազոտող, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ

Թափոնների կառավարման հայաստանյան տեսլականը 5 տարվա կտրվածքով

Սոֆյա Մանուկյանը խոսեց Երևանում նախատեսվող նոր աղբավայրի ծրագրի մասին, որը կառուցվելու է եվրոպական տարբեր կառույցներից ստացած դրամաշնորհների և վարկերի միջոցով, սակայն չունի կայունության բաղադրիչ, քանի որ նախատեսված չէ աղբի տեսակավորում և վերամշակում: Սոֆյա Մանուկյանը ներկայացրեց քաղհասարակության քննադատությունն այս, ինչպես նաև այն անարդար մոտեցման կապակցությամբ, որ եվրոպական մի շարք պետություններ և կառույցներ ձեռնամուխ են լինում հասնել թափոնների նվազմանը և աղբավայրերի կրճատմանն իրենց երկրներում, սակայն Հայաստանի նման երկրներում ֆինանսավորում են այսպիսի անկայուն, կարճ կյանք ունեցող ծրագրեր: Սոֆյա Մանուկյանը հույս հայտնեց, որ այնուամենայնիվ Հայաստանը կունենա թափոնների կենտրոնացված տեսակավորում և վերամշակում: